ՏՈՆԱՀԱՆԴԵՍԻ ՈՒՐՎԱԳԻԾԸ
Օրեր առաջ, սույն տարվա փետրվարի 29-ին լրացավ գեղանկարչության հանճարի 140-ամյակը։ Տարին սարյանական է, բովանդակությամբ` այո՛, ձևով` ո՛չ։ Պետական ատյանները հավուր պատշաճի գնահատեցի՞ն դարի խոշորագույն նկարիչներից մեկի հոբելյանը, անշուշտ` ո՛չ։ Գնահատեցին, այո, բայց` ձեռքի հետ։ Այսպես, փետրվարի 28-ին մեկնարկեցին հոբելյանական միջոցառումները, փետրվարի 29-ին արվեստասեր հանրությանը ներկայացվեց Սարյանի դեռևս 1910-ին ստեղծած և տարիների ընթացքում վնասված, վերջերս էլ հովանավորների օգնությամբ հիմնանորոգված «Կոստանդնուպոլսի շները» հանրահայտ կտավը։ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը մարտի 20-ին հանրությանը կներկայացնեն «Ալմաստ» օպերայի համար Վարպետի արած ուրվանկարները։
Այսպիսով շրջանը կարծես թե փակվում է, տոնահանդեսը իրականացվում ուրվանկարային հապճեպությամբ, այնինչ առիթը կարելի է հրաշալի օգտագործել և տարին բոլոր կազմակերպել տոնահանդեսներ` մի քանի անվանակարգում։ Թվարկեմ այս պահին միտքս եկած մի քանիսը. «Սարյանի նամականին», «Սարյանը Փարիզում», «Ֆրիժի» շոգենավի հրդեհը», «Սարյանը մեկենաս» և այլն։ Բնականաբար, այս հանճարեղ նկարչի արվեստը պետք է թեկուզ ժամանակավոր, մինչև տարեվերջ, ամենատարբեր մոտեցումներով դարձնել մեր հանրապետության ոգու սովի ճահճում խեղդվող քաղաքացիների սեփականությունը, անծանոթ և անհասանելի Սարյանին մոտեցնել երկրի բնակիչներին։ Այո, հենց այսպես, մոտեցնել, դարձնել հասանելի և հարազատ։ (Գրելով այս ամենը, անկասկած կռահում եմ, որ որոշ տիտղոսակիր պճնամոլներ զարմանքից կշվարեն, և հեռակա կարգով «Դարձի կբերեն» հանդուգն նվաստիս. ինչպե՜ս կարելի է կերպարվեստի անգամ տարրական իմացությունների չտիրապետող ժողովրդական զանգվածների համար լուսաբանել Վարպետի արվեստը, չէ՞ որ այսօր էլ նա լիովին բացահայտված չէ անգամ խորագետ սարյանագետների համար)։
Առաջարկում եմ երկիրը ողողած անիմաստ ու ոչինչ չասող ցուցապաստառների, ցուցափեղկերից մեր աչքերն ու համբերությունը բռնաբարող խզբզոցների փոխարեն ողջ տարվա ընթացքում հանրապետության քաղաքներում և ավաններում, մայրաքաղաքում և սահմանամերձ գյուղերում տեղադրել Սարյանի տարբեր ստեղծագործությունների կրկնօրինակները և հանրամատչելի բացատրել, մատչելի դարձնել նրա արվեստի գաղտնիքները։ Ասենք այս ձևով. ինչու՞ են Վարպետի նկարած մրգերն այդքան կենսալից և այդքան հայկական, ինչու՞ է Սարյանի նկարած Հայաստանը ամբողջացնում Հայկական լեռնաշխարհը, ի վերջո` ինչու՞ է արվեստասեր աշխարհը երեկ և այսօր (նաև վաղը) փառաբանում նրան։ Այս աննախադեպ ծրագիրն իրագործելուն էապես կնպաստեն հեռուստաեթերն ու համացանցը։
Հայաստանում կա՞ն նվիրյալ մասնագետներ, որոնք կլծվեն վերոնշյալ գործին, ենթադրում եմ` այո։
Մի խոսքով, ու մի քիչ ամրացրեք ձեր գոտիները, զսպեք օրեցօր Շարայի որկորի վերածվող ձեր ախորժակը (նկատի ունեմ սկոլիոզներով ու տարբեր «ախտերով» տառապողների պարգևավճարները) ու 2020-ը հռչակեք (ուղղակի պարտավոր եք) Սարյանական տարի։ ՈՒշ չէ։
ՍԱՐՅԱՆԻ ՎՐՁՆԱՀԱՐՎԱԾՆԵՐԸ ԳՐՉՈՎ
Վարպետը գրել է և շատ է գրել։ Գրել է բազմաթիվ նամակներ, կատարել է օրագրային գրառումներ, նշանակալից խնդիրներ է բարձրացրել, որտեղ մեծ նկարչի թիկունքում հստակ ուրվագծվում է մեծ հայն ու քաղաքացին։
Արժե, իհարկե, մեր ընթերցողներին ներկայացնել նկարչի անպաճույճ և բեղուն գրիչը, օգտվելով Սարյանի թոռնուհի, արվեստաբան և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վաստակաշատ տնօրեն Ռուզան Սարյանի 2007-ին կազմած «Սարյանը և Փարիզը» (գրառումներ, նամակներ, հուշեր և հոդվածներ) աննախադեպ ժողովածուից։
1926-ի ապրիլի 16-ին Սարյանը դուրս է գալիս Երևանից, հասնում է Մոսկվա ապրիլի 21-ին։ Մոսկվան հյուրընկալում է հայ նկարչին մինչև հուլիս ամիս։ Հետո նա ճամփա է բռնում դեպի Սանկտ Պետերբուրգ։ «Սանկտ Պետերբուրգն ինձ վրա ցնցող տպավորություն թողեց։ Այն ավելի մոնոմենտալ էր դարձել, և քաղաքի ամայի փողոցները նրան թանգարանային տեսք էին տալիս։ Հիասքանչ կերպով մտածված և կառուցված շենքերը, գեղեցիկ հրապարակներն ու հուշարձանները վկայում են կառուցողների կատարյալ ճաշակի մասին»։
Նա դեպի Փարիզ ճամփորդելիս բավականին տկար էր, նյարդերը տեղի էին տալիս։ Սակայն կյանքում շատ բաներ տեսած և շատ փորձություններ հաղթահարած 46-ամյա Սարյանը հաղթահարում է տկարությունը. առջևում ճանապարհն էր, որը տանում էր դեպի «աշխարհի մայրաքաղաք», դեպի Փարիզ։ 1926-ի սեպտեմբերին նա արդեն Փարիզում էր։ «Ես սկսեցի ճանաչել Փարիզը հոյակապ կերպով կազմված ուղեցույցների շնորհիվ։ Շատ արագ հասնում էի այն վայրը, ուր պետք է գնայի` նստելով մետրո, տրամվայ և ավտոբուս։ Այս քաղաքում են հասակ առել ֆրանիսական գեղանկարչության հիասքանչ և գունեղ հսկաները։ Գեղանկարչությունը, որպես արվեստ, ոչ մի տեղ, և ոչ մի երկրում չի հասել այն գագաթներին, որոնք նա գրավել է այստեղ, իր նոր ռեալիստներով, որոնց անվանում են «իմպրեսիոնիստներ»։
Սարյանն ըմբոշխնում է Փարիզը։ Նա Փարիզը տեսնում է և գնահատում այս քաղաքը ողջ պերճանքով և թշվառությամբ։ «Փարիզն աղմկոտ, գունեղ, սակայն նաև անբարոյական քաղաք է։ Այն լի է արևմտյան աշխարհին հատուկ հակասություններով, թե՛ զմայլում, թե՛, միևնույն ժամանակ, իր թույնն է ներարկում։ Փարիզուհին գերիչ է, գեղեցիկ, գայթակղիչ։ Նա աշխարհի ամենահիասքանչ կինն է և ձգում է աշխարհի բոլոր տղամարդկանց։ Նա ունի դրա համար անհրաժեշտ բոլոր հատկանիշները և օգտագործում է իր խելքը զգացմունքի պաշտամունքը կենդանի պահելու համար։ «Մուլեն Ռուժ» և «Ֆոլի բերժեր» կաբարեների ռեվյուներում կինը մերկ է հանդես գալիս բոլորի առջև։ Մոնմարտրը, նոր Փարիզի այս թաղամասը, համաշխարհային հասարակաց տուն է, ուր գալիս են բոլոր նրանք, ովքեր կարոտ են հեշտանքի»։
Բայց Սարյանի գերխնդիրը Ֆրանսիայի մայրաքաղաքում, իր խոսքով ասած` «նկարիչների Մեքքայում ինքն իրեն փորձելն է»։ Զարմանալի է, ռուսական կերպարվեստում թրծված, մինչև 1910-11 թվականները համաշխարհային նշանակության աշխատանքներով հանրահռչակված («Ջրհորի մոտ։ Տապ օր» և այլն), նկարիչը Փարիզում փորձում էր հայտնաբերել սեփական ներաշխարհի խորքերում թաքնված կերպարվեստի գանձերը։ «Ոսկե գեղմ» խմբի կազմակերպած ցուցահանդեսներում նա ներկայանում է արվեստասեր աշխարհին փայլուն և անսպասելի կտավներով. «Նռնենու վրա», «Շոգ օր։ Վազող շուն»։
1909-ին նա նկարում է ինքն իրեն։ 1911-ին` ստեղծում է «Եգիպտուհիներ»-ը, 1914-ին` «Դեղին ծաղիկները»։ «Սարյանը և Փարիզը» ձեզ արդեն ծանոթ ժողովածուում բավականին ուշագրավ հնարք են կիրառել։ Այսպես, «Մ. Սարյան. Ինքնադիմանկար. 1909» նույն էջում զուգահեռվում է Վինսենտ Վան Գոգի երկու հանրահայտ ստեղծագործությունների հետ, «Պրովանսացի հովվի դիմանկարը (1887) և «Ինքնադիմանկար ֆետրե գլխարկով» (1877-1888 թթ.)։
Պոլ Գոգենի «Զվարճանքներ» (1892) կտավի հետ է հեռակա կարգով մրցակցում Սարյանի 1911-ին վրձնած «Եգիպտուհիներ» ստեղծագործությունը և այլն։ Նա մրցակցում է և վստահաբար չի կորցնում դեմքը։ Այսինքն, մեծն Մարտիրոսը կարող էր աշխարհի մի խաղաղ անկյունում առանձնանալ (դիցուք Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում կամ Փարիզում) և զբաղվել միայն իր հոգուն և մտքին հարազատ ստեղծագործական աշխատանքով։ Նրա գեղարվեստական մեծ ավյունը կասկածի տեղ չի թողնում, որ Սարյանը, ապրելով և արարելով օտար երկինքների տակ, շատ արագ համաշխարհային ճանաչման և փառքի կարժանանար։ Բայց իր մեծ հայրենակից Ալեքսանդր Թամանյանի (և մյուսների նման) Սարյանը հավատարիմ էր իր ուխտին` ապրել և արարել անհամար արհավիրքներից նոր շունչ քաշած նախնիների հայրենիքում։
Նա, ինչ խոսք, առաքյալ էր։ Կերպարվեստի առաքյալ։
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Մայրաքաղաքում Սարյանի կերպարը ներկայացված է հավուր պատշաճի։ Երևանի կենտրոնում է գտնվում նրա անվան փողոցը, Հայաստանի զբոսաշրջային խայծերից մեկը նրա տուն-թանգարանն է, օպերային հարակից այգում է գտնվում նրա մարմարակերտ փառահեղ հուշարձանը։ Սակայն այս ամենը իրականացվել է Խորհրդային Հայաստանում։
Երրորդ հանրապետության իշխանությունների համար (երեկ և այսօր) Սարյանն ընդամենը հիանալի գեղարվեստական կապիտալ է, որն անհրաժեշտ պահին մսխում են առանց այլևայլության։
Սակայն մենք (այն է` Երրորդ հանրապետությունը) պարտավոր ենք քավել մեղքը նրա առաջ, թեկուզ այսպես` Սարյանի արվեստը համաշխարհայնացնել ֆիլմաշարերով, պատկերագրքերով և սարյանական տոնահանդեսներով։ Չէ՞ որ նա համաշխարհային կերպարվեստում գրեթե անհայտ է որպես «իր դարի խոշորագույն նկարիչներից մեկը»։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ